Երբեմն ահազանգում են՝ վա՜յ, պետական պարտքը ավելացավ, ի՞նչ է լինելու մեր վերջը. Փաշինյան
ՀՀ-ում մշտապես շատ կարևոր և զգայուն թեմա է պետական պարտքի հարցը, որովհետև դուք գիտեք, որ ժամանակ առ ժամանակ, շատ մեծ ահազանգեր են հնչում, որ վա՜յ, Հայաստանի պետական պարտքն ավելացավ, բա ի՞նչ ա լինելու մեր վերջը: Մենք պարտքի կառավարման ռազմավարություն ունեինք և ունենք: Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ պետական պարտքին:
Նրա խոսքով՝ մինչև 2026թ.-ին պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ից ցածր լինելու դեպքում մենք գոհ կլինենք, բայց 2022-ի արդյունքներով՝ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46.7%: 2017թ.-ին այդ ցուցանիշը եղել է 58.9%:
«Ուզում եմ արձանագրել, որ պարտքի գնահատման առումով պարտքը մեծացել է, ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, անխուսափելիորեն: Օրինակ՝ ունենք վարկային ծրագրեր, նույն Հյուսիս-Հարավը և այլն, և այլն: Դրանք ի սկզբանե պլանավորված է եղել իրականացնել արտաքին ռեսուրսների հաշվին: Նաև Քովիդի կառավարումը շատ մեծ ռեսուրս է տարել ՀՀ-ից: Արտաքին պարքտն այդ ժամանակ ևս մեծացել է»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ պարտք ասելով նկատի ունենք վարկային բեռը, սակայն առաջարկեց հարցին նայել հակառակ տրամաբանությամբ:
«Օրինակ՝ եթե մի ընտանիքի բարեկեցությունն աճում է, ապա նրանք սկսում են ավելի շատ եկամուտ ստանալ: Այդ դեպքում նրանց պարտքային բեռն ավելանո՞ւմ, թե՞ պակասում է: Կարող եմ ասել, որ մեծ մասամբ ավելանում է, քանի որ, երբ ավելանում է հնարավորությունը, ապա նրանք նախընտրում են ավելի մեծացնել իրենց բարեկեցության մակարդակը: Այս առումով շատ կարևոր է արձանագրել, որ շատ վաղուց, եթե չեմ սխալվում հիմա էլ, պարտքը ծախսում ենք կապիտալ նպատակների համար: Իսկ օրինակ ընթացքի ծախսերի համար՝ պարտք չենք վերցնում»,- նշեց Փաշինյանը: