Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում․ Վարուժան Գեղամյանը՝ լրտեսական ծրագրով իրեն գաղտնալսելու մասին
Պ.Գ․Թ․, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է «Պեգասուս» լրտեսական ծրագրով իրեն գաղտնալսելուն։
«Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է առավել զորեղ համարվող իսրայելական «Պեգասուս» հետախուզական ծրագրի օգնությամբ։
Գաղտնալսումը ապացուցվեց համապատասխան պրոֆեսիոնալների և ընկերությունների կողմից (մասնավորապես անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանի և «Access Now» կազմակերպության միջոցով)։
Երեկ այդ մասին գրեցին համաշխարհային մամուլում՝ Reuters-ից մինչև WIRED ու TechCrunch։
Որպես թյուրքագետ իմ թիրախավորումը և ինձ թվային լրտեսության ենթարկելը կապված է բացառապես իմ մասնագիտական գործունեության հետ։ Ու քանի որ իմ հանրային գործունեությունը գերազանցապես նվիրված է Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև դրան ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ոչ հայանպաստ և ոչ արդյունավետ արձագանքի բացահայտմանը, ապա ես չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած երկու կողմերն էլ։
Այնուամենայնիվ, սա ինձ որևէ կերպ չի կանգնացնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց։ Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում։ Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի»։