ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետը տվել է խիստ հանձնարարականներ
Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը այցելել է Շիրակի մարզ:
Ոստիկանության Մուշի բաժնի դահլիճում Ա. Խուդինյանը հանդիպեց ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկների հետ և տվեց խիստ հանձնարարականներ, որոնց մեջ առաջնային էր այն, որ պարեկները խստագույնս պետք է պահպանեն բարեկրթության կանոնները, անգամ այն քաղաքացին, ով թույլ կտա հակաօրինական արարք, վերաբերվեն հարգանքով, գրում է shamshyan.com-ը։
Այն պարեկները, ովքեր ոչ սթափ վիճակում գտնվող վարորդներին կընդառաջեն, ապա նրանք տեղ չեն ունենա Պարեկային ծառայությունում: Այդպիսի պարեկները կհեռացվեն համակարգից:
Ա. Խուդինյանը նաև հորդորեց, որպեսզի ծառայություն իրականացնեն նաև գյուղական համայնքներում, անգամ այն վայրերով, որոնք ժողովրդի լեզվով ասած՝ համարվում են «աշխարհի ծայր»:
ՊԾ պետի տեղակալ Ա․ Մաթևոսյանը տվեց հանձնարարականներ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին, որպեսզի վաղը ծառայության ժամանակ լինեն զգոն, ու անգամ վերջին զանգի միջոցառումների ժամանակ, եթե կնկատեն, որ ղեկին անչափահաս է, առանց բացառության տրանսպորտային միջոցը տեղափոխեն պահպանվող հատուկ տարածք: