Այսօր անգամ ՀՀ վարչապետն է հայտարարում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիա նահանգի Քեփեզ քաղաքում, քննադատել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին՝ Ադրբեջանը շրջանցող տրանսպորտային միջանցքի նախաձեռնության համար։
Այսօր անգամ Հայաստանի վարչապետը հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչելու պատրաստակամության մասին։ Իսկ ո՞րն է քո խնդիրը, ի՞նչ ես ուզում Ադրբեջանից,- ասել է Չավուշօղլուն՝ դիմելով Քըլըչդարօղլուին։
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ «թյուրքի ճանապարհն անցնում է Շուշիով, Ջաբրայիլով, հին թյուրքական Զանգեզուր հողով»։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ ժամանակակից Թուրքիան պաշտպանում է ոչ միայն իր, այլև ողջ թյուրքական աշխարհի շահերը: