Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը` արտիստների մասին (տեսանյութ)
«Այն, որ մենք այստեղ հավաքվել ենք, ողբ է ու ցավ է»։ Այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։ Նա եկել էր աջակցելու կառավարության մոտ նստացույց հայտարարած ծնողներին։
Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նկատում է` մարդիկ հավաքվել են այստեղ մի պարզ ճշմարտության համար՝ Հայաստանում անօրինություն է գործում։
«Քո զավակը ընդունելի է, թանկ է քո համար, իսկ ի՞նչ է՝ այս ծնողների զավակներն իրենց համար զավակ չե՞ն, թանկ չե՞ն, արժեք չունե՞ն։ Չեմ հասկանում՝ տարրական էթիկայի նորմեր ունե՞ք, թե՞ ոչ»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ մտավորականներն ու ժողովրդական, վաստակավոր մշակութային գործիչներն այսօր ծնողների կողքին չեն, Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասաց. «Հուդայի նման ում 30 արծաթ տալիս են, մարդիկ լռում, նստում են իրենց տները։ Դա է խնդիրը։ Մենք չունենք ազգային, պետական մտածելակերպ։ Միշտ եղել է գավառական մտածելակերպ։ Պետք է վերանանք այդ մտածելակերպից»,- ասաց նա։