Վրաստանն արձագանքել է ԱՄՆ քննադատությանը
Վրաստանի իշխանությունները հարցեր ունեն ԱՄՆ-ին, ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ ԱՄՆ դեսպանի մտահոգություններին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը որոշել վերականգնել Վրաստանի հետ ուղիղ չվերթերը, քաղաքական գործիչն ասել է, որ այլ կառավարության անունից չի կարող պատասխանել։
«Ես նաև չգիտեմ, օրինակ, թե ինչու ԱՄՆ-ը չի համարձակվում ուղիղ օդային կապ հաստատել Վրաստանի հետ։ Ես նաև չգիտեմ, թե ինչու չեն ստորագրում ազատ առևտրի պայմանագիր Վրաստանի հետ, ինչու չեն պարզեցնում վիզային ռեժիմը։ Այդ հարցերը կան»,- ասել է Կոբախիձեն։
Ավելի վաղ Կոբախիձեն ԱՄՆ դեսպանին խորհուրդ էր տվել հետևել իր երկրի գործողություններին, այլ ոչ թե Ռուսաստանին։