Ծնողներից մեկն Աշոտին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել, նստել է․ Գարիկ Գալեյան
Եթե Աշոտ Փաշինյանը նստում է մեր մեքենան, նշանակում է՝ մենք առևանգե՞լ ենք։ Ես այդ մեքենայում չեմ եղել, ես իմ մեքենայում եմ եղել, ինքը մեր ծնողներից մեկի մեքենան է նստել։ Ասել են՝ նստիր, գնում ենք Եռաբլուր, տեսնես` ինչ է արել հերդ։
Այս մասին քիչ առաջ Hayastan.news-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ մեկնաբանելով ՀԺ-ի այն հրապարակումը, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներն այսօր փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, և նրանց մեջ է եղել նաև Գարիկ Գալեյանը։
Գալեյանը պատմեց, որ այսօր իրենք Շենգավիթում գտնվող Երևան քաղաքի դատարանում մասնակցել են Ժորա Մարտիրոսյանի մայրիկին առնչվող դատական նիստին, և Աշոտ Փաշինյանին դատարանի մոտ են հանդիպել։
«Քաղաքավարի մոտեցել ենք, Գայանեն մոտեցել, ասել է՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ, արի, նստիր մեքենան, ուզում եմ հետդ խոսել։ Նստել է, շարժվել են, ճանապարհի կեսից իջել է։ Ինքը բացարձակ չի դիմադրել, ինքը եկել, դուռը բացել, նստել է։ Հետո ինքը դուռը բացեց, գցեց մեքենայից»,- ասաց Գալեյանը։
Ավելի վաղ ՀԺ–ն գրել էր, թե իբր Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել։