Ալաշկերտի երկրորդ հավաքը տեղի կունենա Թուրքիայում
Հունվարի 29-ին վերջացել է «Ալաշկերտի» 12-օրյա ուսումնամարզական հավաքը, որն ընթանում էր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, ինչի մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Նշենք, որ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ավարտական օրը երկկողմանի խաղ է կազմակերպել: Այդ խաղին մասնակցել են հավաքին ներգրավված բոլոր 23 ֆուտբոլիստները, ինչպես նաև մոտ օրերս թիմին միացած Արթուր Եդիգարյանը:
Հիշեցնենք, որ երեք օրից կմեկնարկի «Ալաշկերտի» երկրորդ ուսումնամարզական հավաքը: Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը թիմը կմեկնի Անթալիա, որտեղ տասնօրյա մարզումներին զուգահեռ փետրվարի 6-ին և 10-ին երկու ստուգողական խաղ կանցկացնի Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայում հանդես եկող «Սիոֆոկ» և «Սորոկսար» թիմերի հետ: