Կրակոցները չեն խանգարում, բայց Սոթքում բաց հանքի շահագործումը կդադարեցվի, կլինեն կրճատումներ. փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը չգիտի, թե քանի աշխատակից կկրճատվի Սոթքի հանքում, բայց հույս հայտնեց, որ նրանք շատ չեն լինի:
Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը տեղեկացրեց, որ Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, քանի որ պաշարները սպառվում են։
«Կազմակերպությունը նախատեսել էր դադարեցնել աշխատանքները դեռ անցած տարի աշնանը, բայց մենք բանակցեցինք և պնդեցինք, որ աշխատողներին պահեն մինչև այս տարի ամառ, որից հետո պետք է սկսեին կրճատումները»,–նշեց փոխնախարարը։
Նա հավելեց, որ այս պահին էլ աշխատակիցները շարունակում են աշխատավարձ ստանալ` չնայած այն բանին, որ հարկադիր պարապուրդում են։
«Եթե մեր միջամտությունը չլիներ, արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի որ բաց հանքի աշխատանքներն ավարտվել էին և «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»,– ասաց նա։
Հովհաննես Հարությունյանը նշեց նաև, որ տնտեսվարողը հավաստիացրել է` կրակոցները հանքի փակ եղանակով աշխատանքներին չեն խանգարի։ Ինչ վերաբերում է բաց հանքին, ապա այնտեղ մնացել են, մոտ մեկ ամսվա աշխատանքներ։