Բաքվում հայ ռազմագերիներին շարունակում են ծեծել, զրկում են սննդից, քնից. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակ կրկնվում է` անկախ խաղաղության օրակարգի շուրջ քննարկումներից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը:
Նա ցավով է արձանագրում, որ խաղաղության օրակարգի պայմաններում հայ զոհերի և ռազմագերիների նկատմամբ վարքագծի փոփոխություն չկա և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը կրկնվում է։
«Խոսքը ռազմական ոստիկանությունում դաժան ծեծերի մասին է, որոնք զուգակցվել են սննդից, քնից զրկելով։ Եղել են նաև դեպքեր, որ ցուրտ եղանակին արհեստականորեն այնպես են արել, որ սառելու պատճառով ռազմագերիներին հավելյալ տառապանքներ են պատճառվել։ Այդ ամենը եղել է նրանց արդարադատության նախարարության ենթակայության ներքո պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու միջոցով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբերի նկատմամբ»,– նշեց Սահակյանը։
Նա շեշտեց, որ գերիների նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերել են նաև ադրբեջանցի քաղաքացիական անձինք։ Եղել են դեպքեր, երբ ռազմական բժիշկները կամ քաղաքացիական բժիշկները բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն բռնություն են կիրառել։