Դպրոցներում և մանկապարտեզներում կգործի համաճարակային ֆիլտր
«Այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ: Բայց դա չի նշանակում, թե գրիպը նահանջել է և պետք է թուլացնել զգոնությունը»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
«Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում լինելու է համաճարակային ֆիլտր: Այն երեխաները, ում մոտ գրիպի թեթև նախանշաններ կլինեն, նրանք կմեկուսացվեն: Այս հիվանդությանը միայն համատեղ ուժերով կարելի է հաղթահարել»,-ասաց Վանյանը:
Նրա խոսքով, ուսումնական հաստատություններում այսօրվանից սկսած համապատասխան աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի դասերն սկսվելուն պես նորմալ ջերմաստիճան լինի:
«Խորհուրդ ենք տալիս խուսափել կուտակումներից, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ դպրոցներում առաջիկա շրջանում բուֆետները չաշխատեն»,-ասաց Արտավազդ Վանյանը: