Սպանված կուրսանտի հոր հորդորը Սեյրան Օհանյանին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դին հունվարի 29-ին գտել էին ինստիտուտի մարզահրապարակում պտտաձողից պարանով կախված վիճակում: Նախաքննությամբ պարզվել էր որ կուրսանտին դաժանորեն սպանել են: Գործը դատական փուլում է: Սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը newspress.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև նախաքննությամբ չորս սպանողները ի հայտ են եկել, բայց դա բավարար չէ ասելու համար, որը գործը ամբողջովին բացահայտված է:
«Պետք է Վարազդատ Սաֆարյանին էլ ներգրավեն որպես մեղադրյալ, պետք է պատասխանատվության ենթարկել նաև մարդասպան Գնել Թևոսյանի հորը՝ Զարմիկ Մարկոսյանին: Կա մեղադրական եզրակացություն, որում ասվում է, որ գնդապետն իր որդու համար ինստիտուտում սովորելու արտոնյալ պայմաններ է ստեղծել, այսքանից հետո էլ նրան չեն ձերբակալել»,-շեշտեց Ա.Բարսեղյանը ՝ հավելելով, որ եթե ինչպես պաշտպանության նախարարն է ասում, հետևում են գործի ընթացքին, որպեսզի բոլորը պատժվեն, ապա պետք է այս հարցերում էլ հետևողական լինեն:
Արկադի Բարսեղյանին մտահոգում են նաև դատական նիստերի անհարկի հետաձգումները. «Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի չորսին, չգիտենք կկայանա, թե ոչ: Տականքների փաստաբանները ժամանակ են ձգում, տականքներն էլ մեղքը չեն ընդունում, այն ինչ բանակի օրը խմած որդուս դաժանորեն սպանել են, նամակ գրել, ուզում էին ինքնասպանություն դիտարկվեր, բայց նախաքննությամբ ապացուցվեց, որ սպանել են»,-մանրամասնեց նա:
Հիշեցնենք, որ կուրսանտի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն: