Ռուսաստանն ու ԱՄՆ-ը զինված հակամարտության շեմին են․ Ռյաբկով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են զինված հակամարտության եզրին, սակայն Մոսկվան աշխատում է ապահովելու, որ դա տեղի չունենա: Այս մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք աշխատում ենք, որպեսզի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չընկնեն անդունդը, քանի որ դրանք արդեն անդունդի եզրին են», - մեջբերում են ռուսական լրատվամիջոցները Ռյաբկովի խոսքերը։
Ռյաբկովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները, որպեսզի ոչ ոք թույլ չտա ոտնձգություն կատարել երկրի անվտանգության դեմ։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ բարձր մակարդակով։