Ալիևի այս խոսքը փաստում է, որ իրենք հարցերը լուծել են ու լուծելու են ուժով, իսկ միջազգային իրավունքն իրենց համար որևէ արժեք չունի. ադրբեջանագետ
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվս մեկ հատված օկուպացված Շուշիում Ալիևի երեկվա ելույթից:
«Մենք Ադրբեջանում տարիներ առաջ հասկացանք, որ ոչ ոք մեզ չի օգնի։ Եվ միջազգային իրավունքի գերակայության մասին մեր բոլոր պատրանքները սին են: Ոչ թե միանգամից, այլ բանակցային գործընթացում եկանք այդ եզրահանգման։ Մենք հասկացանք, որ եթե չունենանք ուժեղ բանակ, եթե չմեծացնենք երիտասարդ սերունդ, որը պատրաստ է պայքարել իր արժանապատվության և ոչ միայն հողի համար, մենք միշտ օկուպացիայի տակ կլինենք և միշտ կբողոքենք: Մենք հոգնել ենք բողոքելուց: Թող հիմա ուրիշները բողոքեն մեզանից: Կարծում եմ ՝ Ադրբեջանի օրինակը արժեքավոր է»:
Ադրբեջանական կողմը մերժել է խաղաղ կարգավորման բոլոր տարբերակները (օրինակ՝ Քի–Վեսթ, Կազան)՝ պատրաստվելով պատերազմի ու մի ամբողջ սերունդ մեծացնելով հայերի դեմ ատելության քարոզով: Ալիևի այս խոսքը փաստում է, որ իրենք հարցերը լուծել են ու լուծելու են ուժով, իսկ միջազգային իրավունքն իրենց համար որևէ արժեք չունի»: