Մեկնարկել են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները
Ապրիլի 28-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Նախատեսվում է իրականացնել ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթեւեկելի մասում հիմքերի եւ երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 2 կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման եւ գծանշման աշխատանքներ։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվելու է Վահան բնակավայրի ներսում։ Երթեւեկելի մասում հիմնանորոգվելու է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։
Ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։
Վերջերս Ճամբարակ-Վահան ճանապարհի շինհրապարակ է այցելել եւ աշխատանքների ընթացքին ծանոթացել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։