Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։
Քոչարյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքի ընթացքում պահանջել և ստացել է 4 հազար 154 գաղտնի և հույժ գաղտնի տեքստային և գրաֆիկական փաստաթուղթ՝ 14 հազար էջից ավելի ծավալով։ Նա նշեց, որ այդ փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունը շարունակվում է։
«Որոշվել է հրավիրյալների ցանկը, որի հիման վրա հրավիրվել են և հրավիրվում են գործող և նախկին զինվորական ու քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք նույնպես անհատական կարգով հանձնաժողովին են ներկայացնում բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր։
Քոչարյանը նաև հայտնեց, որ հրավիրյալների ցանկը գնալով մեծանալու է։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրներին հորդորել էր գալ հանձնաժողով ու հարցեր տալ իրեն, գոնե վերջնական փուլում ունենալ մասնակցություն։
«Երբ հարց էինք տալիս հանձնաժողով հրավիրված Զոհրաբ Մնացականյանին, ասաց՝ «այս հարթակից հիմա չօգտվելն առնվազն կլինի ախմախություն, որովհետև, եթե կան ինչ-որ կասկածներ պաշտոնավարման ընթացքում, պետք է առաջին հերթին փարատվեն տվյալ հանձնաժողովի պատերի ներսում»», - ասաց Քոչարյանը: