Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
Լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նաիրի Խաչիկի Հոխիկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2023թ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Էդիկի Հովհաննիսյանի կողմից վճիռ կայացնելուց հետո, արդարադատության իրականացման արդյունքում վճիռ կայացնելու` Էդգար Հովհաննսյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, նույն օրը իր կողմից օգտագործվող Նաիրի Հոխիկյան օգտատիրոջ https://www.facebook.com/nhokhikyan2 սոցիալական կայքի գրառումներ պարունակող բաժնում հրապարակային եղանակով վիրավորել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին, վերջինիս անվանելով իշխանության պատվեր կատարող և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր: Դատավոր Էդգար Հովհաննիսյանին վիրավորելով, ով մարմնավորում է արդարադատությունը, հիշյալ քաղաքացիական գործով հանդես է եկել որպես դատարան, արդարադատության հեղինակության դեմ ուղղված գործողություններ կատարելով, Ն.Հոխիկյանը դատարանի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք:
Այսինքն՝ Նաիրի Խաչիկի Հոխիկյանին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում:
Նաիրի Հոխիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու մասին արգելքը: