«Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կարևոր է տարածաշրջանի տարանցիկ ներուժի մեծացման տեսանկյունից. ադրբեջանցի նախարար
Անցյալ տարի Ադրբեջանի տարածքով Միջին միջանցքով տարանցիկ բեռնափոխադրումների ծավալն աճել է 75 տոկոսով, և այդ ցուցանիշը շարունակում է սրընթաց աճել։ Ինչպես գրում է Azertag-ը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից մինչև ներկա և ապագա» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Այդ համաժողովը նվիրված է Հեյդար Ալիևի 100-ամյակին:
Նախարարի խոսքով՝ մեծանում է Միջին միջանցքի դերը, ինչի կապակցությամբ մեծանում է նաև Ադրբեջանի «ազատագրված» տարածքների և այնտեղ կառուցված միջազգային օդանավակայանների վերականգնման կարևորությունը։ Նախարարը նաև ընդգծել է, որ տարածաշրջանի տարանցիկ ներուժի մեծացման տեսանկյունից կարևոր է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը: