Չլուծված հարցերի մասով ամեն ինչ արվելու է. Ադրբեջանի և ՀՀ արտգործնախարարների հանդիպումից ՔՊ-ականները սպասելիք ունեն
Պայմանավորվածություն կա Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա փոխանցմամբ, հայկական կողմն այս բանակցություններից առավելագույնի սպասելիքներ ունի։
«Բանակցություններն անդրադառնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտորին։ Ինչքան հնարավոր չլուծված հարց կա, դրանց շահավետ լուծման մասով ամեն ինչ արվելու է»,- ասաց Եղոյանը։
Նա նշեց, որ ընթանում են բանակցություններ, որի արդյունքում ցանկացած կողմ առավելագույնն է ուզում ստանալ:
«Մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն, որ Ստեփանակերտը բանակցություններում հանդես գա որպես սուբյեկտ»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` Բաքվի հետ բանակցություններում յուրաքանչյուր հարցն էլ շատ կարևոր է։
Հարցին, թե լուրեր կան, որ Բաքվի ու Երևանի միջև քննարկվում է 2 երկրում էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ու անվտանգության հարցը, արդյոք այսկերպ ինքնորոշման իրավունքը փոխարինվո՞ւմ է էթնիկ խմբերի իրավունքների պաշտպանությամբ, Արման Եղոյանն արձագանքեց՝ լուրը տարածել է «Ամերիկայի Ձայնը», և այնտեղից նյութն արդեն հեռացվել է։