Միջազգային տարբեր պարբերականներում ցավալիորեն արտացոլվում է գերազանցապես ադրբեջանական տեսակետը. ադրբեջանագետ
Երեկ Ադրբեջանը հերթական փիառ ակցիան էր իրականացնում՝ Արցախի քաղաքացիներին ստիպելով անցնել ապօրինի տեղադրված անցակետերով և դա տեսանկարահանելով, որպեսզի աշխարհին համոզի, որ «ռազմական ավարների պուրակ» բացող, շուրջ 5 ամիս Արցախը շրջափակման մեջ պահող պետությունը բարեկիրթ է և կարող է բռնի կերպով ինտեգրել 120 հազար ՀՀ քաղաքացիներին:
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ այդ բեմականացումն ուղղված էր հատկապես Արևմուտքին:
«Արևմուտքից ասում են՝ չեք կարող բռնի ինտեգրացիայի ենթարկել, կամ՝ նման հայտարարություններ հնչեցնել, իրենք էլ այս տեսանյութը պատրաստել են՝ ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է, քաղաքակիրթ է»,- մանրամասնեց ադրբեջանագետը՝ նկատելով, որ ռուսական կողմը ևս պետք է տրամադրի իր տարբերակը, քանի որ հակառակ պարագայում՝ հայկական կողմը հայտնվում է անհասկանալի իրավիճակում: