«Կա՞ զինծառայողի բուժման տեսակ, որը պետությունը չի կարողանում իրականացնել, և դրա համար անհրաժեշտ է դրամահավաք». Սիսակյանը՝ Ավանեսյանին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համացանցում հաճախ է հանդիպում գրառումների, երբ զինծառայողին բժշկական օգնություն տրամադրելու նպատակով դրամահավաք են կազմակերպում:
Փորձելով հասկանալ կա՞ արդյոք դրամահավաքի անհրաժեշտություն, ՔՊ–ական պատգամավորը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց, թե կա՞ բուժման որևէ տեսակ, որը զինծառայողը ստացել է մարտական ծառայության ընթացքում, և պետությունն այսօր չի կարողանում իրականացնել կամ ներառված չէ բուժման ցանկում։
Արձագանքելով պատգամավորի հարցադրմանը` Ավանեսյանը նշեց, որ զինծառայողները ստանում են անվճար բժշկական օգնություն, բայց կան ծառայություններ, որոնք հասանելի չեն Հայաստանում։
«Դրա համար պետությունը հատկացրել է գումարներ, որ դրսում ստանան: Բայց մենք վերջին շրջանում որոշում կայացրեցինք, որ նույն վերականգնողական բժշկական ծառայությունների մասով մենք արդեն ունենք այն հզորությունները, որոնք թույլ են տալիս, որ ովքեր այդ ծառայությունները դրսում էին ստանում, վերադառնան և իրենց բուժումը շարունակեն Հայաստանում»,–ասաց Ավանեսյանը։
Նա վստահեցրեց, որ նման հայտարարության հետքով գնում են ու պարզում՝ արդյոք խնդիրը նրանում է, որ այդ ծառայությունը հասանելի էր նրան, բայց չի՞ ստացել բուժօգնություն, թե՞ ուղղակի որևէ հավելյալ ծառայության կարիք կա։