«Ժողովո՛ւրդ, ոնց որ Լուսնից իջած լինեք». Արմեն Խաչատրյանը` Տեղ համայնքի վիճաբանության մասին
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է, որ երեկ է զանգահարել Տեղ համայք՝ հասկանալու համար, թե ինչ վիճաբանություն է եղել և հավաստիացնում է, որ լուրջ բան չկա։
«Ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել, և չեմ ուզում այդ վիճաբանությունն այստեղ մեկնաբանենք, որովհետև վերաբերում է գյուղի պաշտպանական հարցերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գյուղացի իր պատկերացումն ունի պաշտպանական հարցերում և եթե այն տարբերվում է մյուսների կարծիքից, ապա կարող են լինել նաև վեճեր:
Խաչատրյանը հաստատեց, որ վիճաբանություն է եղել, բայց տեղյակ չէ, որ մասնակիցներից մեկը հիվանդանոցում է գտնվում:
«Ժողովո՛ւրդ, ոնց որ Լուսնից իջած լինեք, երբ որ պաշտպանական խնդիր է լինում, ամեն դեպքում գյուղը պետք է ունենա իր ռազմավարական ծրագիրը՝ պատերազմական իրավիճակում գյուղի բնակչության վարքագծի կանոնները, թե ով ինչ պետք է անի: Իհարկե, գյուղն էլ է ներգրավվում որոշակի պաշտպանական գործողության մեջ»,-լրագրողներին դիմեց պատգամավորը:
Նա կարծիք հայտնեց, որ այդ առումով Տեղ գյուղն Հայաստանում բոլորից պատրաստվածն է, բոլոր գյուղացիներն իրենց տեղը գիտեն և, որ Տեղ համայնքում կա զինանոց, ուստի սուտ են պնդումները, թե գյուղացիներին զենք չեն տալիս:
«Տեղ գյուղում կա զինանոց, յուրաքանչյուր զենքի վրա գրված է անուն-ազգանուն, թե այդ զենքն ումն է և երբ պետք է տրամադրվի, բայց այդ զենքն անիմաստ չի տրամադրվում խաղաղ իրավիճակներում մեկին, որ զենքը կապի մեջքին գնա խանութ գա»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը: