Թմրամոլությունից բուժվելու համար դիմելիությունը վերջին տարիներին ավելացել է. Ավանեսյան
Եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա «Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոն» այցելելու և բուժվելու, ապա այսօր ունենենք մի կենտրոն, որը դարձել է հրապուրիչ և որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալ անհատական խորհրդատվություն և բուժման ընթացք»։ Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հաստատելով, որ հանրապետությունում նկատվում է դիմելիության և թմրամոլների հայտնաբերելիության աճ, ինչը վիճակագրական տվյալները վատթարացնում է՝ նախարարն այն կապեց նոր հրապուրիչ կենտրոնի կառուցման հետ:
«Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները, որի շրջանակներում մենք ակտիվորեն աշխատում ենք ԿԳՄՍ նախարարության հետ»,- ասաց Ավանեսյանը և շետեց, որ դպրոցից պետք է երեխաներին ցույց տալ թմրամոլության և այլ կախվածությունների քայքայիչ դերը մարդու առողջության և ընդհանրապես կերպարի վրա:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ թմրամոլության դեմ պայքարի ռազմավարություն կա, որը երեք տարին մեկ անգամ թարմացվում է և այդ պահին էլ թարմացման փուլում է:
Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանում խիստ օրենսդրություն կա թմրամոլության դեմ պայքարի հարցում: