Կաթոլիկ հոգևորական Անտոն Թութունջյանը ազատ է արձակվել
Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված` ծանր հանցագործություն նախապատրաստող խմբի գործով կալանավորված Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ` 71-ամյա հայր Անտոն Թութունջյանը երեկ ազատ է արձակվել: Նշենք, որ հայր Անտոնը «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է:
Օրեր առաջ էլ փոխվել էր այս գործով կալանավորված` «Ռադիո Մարիամ» լրագրողուհիներից Լիլիթ Թորոսյանի խափանման միջոցը: Նա այն լրագրողն է, ով հարցազրույցներ է արել խմբի «ղեկավար» Արթուր Վարդանյանի հետ:
Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել «Ռադիո Մարիամը», որում, մասնավորապես, ասված է. ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»:
«Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից վերսկսել է իր բնականոն աշխատանքային օրակարգը, սակայն առայժմ մեծ մասամբ հաղորդումների կրկնություններով: Այս պահին 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի գործով կալանավորված` 30-ամյա Լիլիթ Թորոսյանը և հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թութունջյանն ազատ են արձակվել: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: