Կոչում էինք «սև խոռոչ». Ավինյանը` ճարտարապետության վարչության մասին
Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունն ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար, և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում։ Շնորհավորում եմ Ձեր նշանակման կապակցությամբ»,- ասաց Ավինյանը:
Նա նաև հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Մուրադյանի նշանակման մասին։
«Երևի թե ամենածանրաբեռնված վարչությունն է, և շատ դեպքերում խնդիրներ ունենք ժամկետանց գրությունների հետ կապված, և ժամանակ կար, որ այդ վարչությունը կոչում էինք «սև խոռոչ»»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Նա, «ջանով» դիմելով Մուրադյանին՝ հույս հայտնեց, որ վարչությունում առկա խնդիրները տրամաբանական ժամկետի մեջ կլուծվեն, ապա շնորհավորեց ու հաջողություն մաղթեց։