«Երևան ալրաղաց» ՓԲ-ն կտուգանվի 1,5 մլն-ից մինչև 2 մլն դրամի չափով
Այսօր` ապրիլի 17–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքաշինության և հողի հսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը տեղեկացրեց, որ «Երևան ալրաղաց» ՓԲ-ն կտուգանվի։
««Ալրաղաց» ՓԲ-ին նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։ Ժամկետի լրանալուց հետո շարունակվել են քանդման աշխատանքները, որի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ Շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի երրորդ մասի, հասարակական կարգի պահպանության ծառայությունը կազմել է արձանագրություն, որի տուժի չափը կազմում է 1,5 մլն-ից մինչև 2մլն դրամ»,- ասաց նա։
Ասատրյանը նաև ասաց՝ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայությունն իրականացնում է լրացուցիչ վարչարարություն՝ սեփականատիրոջից պարզաբանում ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով։
«Առաջին ծանուցումները ՓԲ-ին ուղարկվել է ապրիլի 7-ին, տնօրինության երկու հասցեներով, բայց ծանուցումը չեն ստացել։ Այսօր հաջորդ ծանուցման լսումների օրն է, լրացուցիչ կտեղեկացնեմ արդյունքների մասին»,- ասաց նա: