«Սուր գործիքներով միջամտական գործողություններ կիրականացվեն». վարչության պետը «հաթաթա տվեց» կառուցապատողներին` շոյելով Ավինյանի ականջը (տեսանյութ)
Քաղաքաշինական ոլորտում հայտնաբերվել են շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքեր, որոնց հետ կապված հարցերը լուծվել են։ Այս մասին Երևանի գործակարգավորական նիստի ժամանակ տեղեկացրեց Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
Դեռ նախորդ նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորեց Ասատրյանին ավելի խիստ լինել.
«Հաջորդ անգամներն արդեն մի փոքր արդյունք է ակնկալվում»,– ասաց նա։
Ասատրյանն էլ ջանք չի խնայել ապացուցելու, որ իրեն կարող են այս հարցում «վստահել»։ Որպես սկսնակ պաշտոնյա, ըստ ամենայնի, նա փորձել է աչքի ընկնել և սիրաշահել փոխքաղաքապետին։
Վերջինս, բացի կատարած աշխատանքները ներկայացնելուց, նաև «հաթաթա տվեց» բոլոր «անբարեխիղճ» կառուցապատողներին։
«Բոլորիս հայտնի է, որ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի փրկում։ Մենք ծանուցելով` կանխարգելում ենք, որ գործը վիրաբույժին չհասնի։ Եթե հասավ, ուրեմն սուր գործիքներով կիրականացվեն միջամտական գործողություններ»,- ասաց վարչության պետը։
Ավինյանին դուր եկավ նրա համեմատությունը և նա նկատեց, որ փաստորեն մի քանի դեպքերով արդեն հասել են այդ սուր գործիքների միջամտությանը` նկատի ունենալով, որ որոշ ապօրինի շինություններ քանդվել են։