Ամոթ է` նույնիսկ հուշակոթող չունենք, որ ծաղիկ դնեք. գնդապետ
Արդեն երրորդ տարին է` ԵԿՄ Լոռու մարզային վարչության անդամների զգալի մասը հրաժարվում է մասնակցել Վանաձորի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
«Տոնը բոլորինս պետք է լինի, եթե իշխանությունները չեն շնորհավորում, նշանակում է` տոնն իրենցը չեն համարում: Հաճախ նրանք ի պաշտոնե նույնիսկ չեն ներկայանում կազմակերպվող համերգին: Համերգի հրավիրատոմսերի վրա էլ տեղը չեն նշում, ասենք գնում տեսնում եմ երիտասարդներ են նստած, ես ո՞ւմ վեր կացնեմ, ասեմ` ես եմ նստելու: Եթե տոնի եւ մեր հանդեպ հպարտություն ու հարգանք ունենան` լավ կկազմակերպեն»,-newspress.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ԵԿՄ ԼՄ վարչության պետ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը:
ԵԿՄ անդամները բազմիցս դիմել են մարզի տեղական իշխանություններին` բանակի, զիվորի կամ ազատամարտիկի խորհրդանշական հուշարձան ունենալու համար, բայց 20 տարուց ավելի հարցը լուծում չի ստանում:
«Նույնիսկ ամոթ է, համայնքներ կան, որ մեկ, երկու զոհ ունեն, բայց հուշակոթող կա այդ համայնքում: Հանրապետության երրորդ քաղաքում, որտեղ միայն պանթոենում 220 զոհ կա` մի խորհրդանիշ չունի, որ գնանք այս օրը ծաղիկներ խոնարհենք այնտեղ: Ու ամեն տարի մենք գնում ենք պանթեոն, այցելում մեր ընկերներին, բայց էլի մենք ենք կազմակերպում, ու էլի առանց իշխանության: Այնինչ մեր տոնն է, նրանք պետք է մեզ համար տոն ապահովվեն»,-նկատեց գնդապետը: