Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանցիների կրակելուց հետո աշխատակիցները տարհանվել են, հանքի աշխատանքը դադարեցված է
Երեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը aysor.am-ի հետ զրույցում ասել է,որ այս պահի դրությամբ աշխատանքները դադարեցվել են, մարդիկ` տարհանվել։
«Կրակոցների հետևանքով հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան հերթափոխի ժամանակ՝ ժամը 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կրակոցները վերսկսել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- տեղեկացրեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան:
«Այս պահին էլ հանքի աշխատանքը դադարեցված է։ Բարեբախտաբար, ոչ վիրավոր ունենք, ոչ էլ՝ վնասված տեխնիկա։ Իրավիճակն անկայուն է, ուստի որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել հանքի աշխատանքը, որպեսզի կարողանանք ապահովել մեր աշխատակիցների անվտանգությունը», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։