Տիգրանաշենի ոլորաններին բախվել են մեքենաներ. մեկը շրջվել է, մյուսը՝ այրվել․ կա զոհ և վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 14-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են Mercedes և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, 1 հոգի էլ տեղում մահացել է։ Իսկ Niva-ն էլ գլխիվայր շրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մի քանի հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Niva-ի վարորդն է։
Ավտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվում են Ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։