Տեղ գյուղում նման իրավիճակ չէր լինի, եթե մեկ տարի առաջ կատարվեր ամրաշինական աշխատանք. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Անզեն աչքով էլ երևում է, որ Տեղ գյուղում թշնամական առաջխաղացումը չէր լինի, եթե իշխանության ղեկին լիներ երկրի մասին մտածող, գործողությունները ծրագրող, համակարգված գործողություններ, կառավարում իրականացնող անձնավորություն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ Տեղ գյուղում թշնամին այդքան առաջխաղացում չէր ունենա, քանի որ մեկ տարի առաջ արդեն հայտնի էր, որ ճանապարհը փոխվելու է Տեղ-Կոռնիձոր ուղղով և մեկ տարվա ընթացքում հնարավոր էր և ամրաշինական, ինժեներական աշխատանքներ, և տեղակայման ամբողջական համալիր ծրագիր իրականացնել։
«Ամենախորհրդանշականն է. 30 տարվա մեջ հարյուր հազարավոր մեր հայրենակիցները նկարվել են «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ» ցուցանակի առաջ,երբ դու գիտես, որ ամսի մեկով հեռանում ես այդ հատվածից, մեկը չկար երկիրը սիրող, որ ասեր՝ այս ցուցանակը տանենք։ Տեղ գյուղի հետ կապված ամենախորհրդանշականը այդ ցուցանակը գերության մեջ թողնելն է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։