Արտակարգ դեպք՝ Սպիտակում․ գայլը գազալցակայանում հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16․15-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել 41-ամյա մի տղամարդ։ Վերջինս եղել է անգիտակից, շոկային վիճակում․ տեղում անհետաձգելի բժշկական միջամտություն է կատարվել վիրաբույժ Ֆրունզե Եղինյանի գլխավորությամբ բուժանձնակազմի կողմից։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Բժիշկները տեղում տեղեկություններ են ստացել, որ տղամարդու վրա գայլն է հարձակվել, ու անմիջապես կատարվել է կատաղության դեմ պատվաստում, ապա վիրավորին դուրս են բերել շոկային վիճակից։
Հետազոտման արդյունքում հաստատվել է տեղեկությունը, քանի որ նրա մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք։ Դեպքը տեղի ունեցել Սպիտակ քաղաքում գործող գազալցակայաններից մեկում, և այդ տղամարդուն առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ու պետք է արժանին մատուցել նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին, ովքեր հերթական անգամ ապացուցել են, որ հավատարիմ են Հիպոկրատի երդմանը։
Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանին, ում հանձնարարականով Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը ժամանել է Սպիտակ բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվելու է գայլի կողմից հարձակման ենթարկված քաղաքացու ինքնությունը։
Տեսանյութը՝ այստեղ