Էս 2010 թ․-ի թերթը թողնում եմ Վիգեն Խաչատրյանին, որ իր կենսագրությունը հիշի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Ատեստացիայի բուն նպատակը, որը նորություն չէ մեր կառավարման համակարգում, հատկապես՝ ուժային կառույցներում, որակական փոփոխություններ մտցնելը, պաշտոնին համապատասխանելը, պաշտոնեական առաջխաղացման որակավարման բարձրացման համար է, այնինչ հիմա ամբողջ փիլիսոփայությունը փոխվում է դեպի լոկ աշխատավարձը»։ ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով Ոստիկանությունում ատեստացիաների միջոցով հավելավճարներ ապահովող օրինագծի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ երբ այդ օրինագիծը բերվեց ԱԺ՝ իր մտքով անմիջապես անցան հարյուրավոր այն ոստիկանները, որոնք գիշերներն ԱԺ-ի հարևանությամբ ավտոբուսներում են քնում:
Նկատենք, որ Գեղամ Մանուկյանի ելույթից առաջ հանդես եկավ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանը, որը քննադատեց արտերկրից կուսակցությունների ֆինանսավորումը և նախկին կոռուպցիոն երևույթները:
Մանուկյանն անդրադարձավ նաև նրա ելույթին։
«Արխիվում գտել եմ 2010 թվականի թերթ, որի առաջին էջում գրված է, թե Վիգեն Խաչատրյանը մի քանի տարի աշխատելով Միկա Բաղդասարովի մոտ, ազատվել է պաշտոնից: Անդրանիկ Քոչարյանին ասեք, կասի՝ կոռուպցիա, Միկա Բաղդասարով… Թերթը թողնում եմ սեղանին, որ պարոն Խաչատրյանը մի քիչ իր կենսագրությունը հիշի, չասած նրա՝ սփյուռքից ֆինանսավորվող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար լինելը»,- հայտարարեց Մանուկյանը և թերթը հանձնեց Վիգեն Խաչատրյանին: