Ինքնապաշտպանության կոչը հանցակազմ չունի․ Աննա Վարդապետյան
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ եթե ես հիմա կոչ անեմ ՀՀ քաղաքացիներին ինքնապաշտպանվել, վտանգի պարագայում ինքնապաշտպանվել, Դուք հաջորդիվ կգա՞ք իմ անձեռնմխելիության հետևից։
Աննա Վարդապետյանը փորձեց հստակեցնել, թե ի՞նչ հանցակազմի մասին է խոսքը, որովհետև այն, ինչ նկարագրեց Մամիջանյանը, հանցակազմ չունի՝ ինքնապաշտպանության կոչը։
«Երեկ Քննչական կոմիտե է կանչվել Նարեկ Սամսոնյանը, ով քաղաքացիներին ընդամենը կոչ է արել ինքնապաշտպանվել։ Դեպքից հետո ես տեսել եմ տասնյակ հազարավոր նման կոչեր, որը, իհարկե պատիվ չի բերում որևէ խորհրդարանի, և ենթադրում եմ, որ Քննչականը նմանօրինակ մահակով սկսելու է հետապնդել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին՝ ինքնապաշտպանվելու, իսկ պարոն Սահակյանն, իր իսկ խոսքով, ինքնապաշտպանվել է, արդարացում և կոչ ինքնապաշտպանվել վերահաս վտանգից։ Երբ որ նմանօրինակ գործերը հասնի Ձեր լիազորությունների տիրույթ, իսկ դրանք կարվելու են մի քանի հազար քաղաքացիների նկատմամբ, հագուրդ չտալ դրան, պատիվ չի բերի դատախազությանը, որպեսզի նմանօրինակ ձևակերպումով հետապնդում սկսվի քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Մամիջանյանը։
Վարդապետյանն անպատասխան թողեց Մամիջանյանին՝ այնպես հասկանալով, որ նրա խոսքում հարց չկար։