Պահք․ օր 48․ ավագ շաբաթ
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը, գերեզմանի կնքմանը: Քրիստոսը Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին:
Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար:
Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Մարդ, երբ արտաքսվեց դրախտից, ինքը այլևս ուներ մեկ ճանապարհ ՝ վերադառնալ դրախտ, իսկ դրախտ վերադարձի ճանապարհը անցնում է մմեղքից հրաժարվելով, հետևաբար պետք է կարողանանք լույսը զորացնել, որպեսզի խավարից զատվենք: