Երևանը լուրջ սխալ թույլ տվեց․ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպա
Երևանը լուրջ սխալ թույլ տվեց։ Այս մասին «Moscow speaking» ռադիոկայանին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ հայ զինվորականները նախատեսում են մասնակցել ԱՄՆ երկու զորավարժություններին, որոնք կանցկացվեն եվրոպական երկրների տարածքում 2023 թվականին։ Խոսքը ԱՄՆ ցամաքային զորքերի՝ Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Միջազգային առաքելության ուժերի և Saber Junction-ի հրամանատարության կողմից կազմակերպված զորավարժությունների մասին է։
«Իհարկե, մենք բացասաբար կարձագանքենք։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը մեզ շատ է վրդովեցնում։ Ցավոք, մենք հասկանում ենք, որ դա լուրջ սխալ է։ Եվ դա որոշակի քաղաքական հետևանքներ կունենա»,- ասել է ռուս պատգամավորը։
Չեպան կարծում է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու քիչ հնարավորություններ ունի։ Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական նպատակը Ռուսաստանի սահմանի մոտ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելն է։