«Տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում, մեր խնդիրն է ապահովել, որ վաղն այդ նույն բանը տեղի չունենա». Փաշինյան (տեսանյութ)
Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է: Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նշեց՝ հույս ունի, որ հարցի էությունն իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։
«Սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է ապօրինի գույքի ու հարկերից խուսափելու թեման. դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է ու այսպես շարունակ։ Իհարկե, բաներ կան, որ անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային»,- նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին։
«Մեզ համար ոչ մի տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում, մեր խնդիրն է ապահովել, որ վաղն այդ նույն բանը տեղի չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։