Անիում և Սիսիանում կայացած ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրվել. վերահաշվարկի որևէ դիմում-բողոք չի եղել. ԿԸՀ նախագահ
Մարտի 26-ին Անի և Սիսիան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ վերահաշվարկի որևէ դիմում-բողոք չի եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նա համարում է, որ Սիսիանի, Անիի ՏԻՄ ընտրությունները եղել են բավականին մրցակցային. Անիի ընտրություններին գրանցված է եղել մեկ դաշինք ու երեք կուսակցություն, Սիսիանում՝ երեք կուսակցություն։
Ինչ վերաբերում է դիմումներին, ապա քարոզարշավի ընթացքում Անիի ընտրությունների հետ կապված ստացվել է մեկ հարցում, Սիսիանում՝ մեկ հարցում, չորս դիմում բողոք, որոնք հիմնակաում վերաբերել են պաստառների փակման հետ կապված խնդիրներին։
«Բոլոր խնդիրներին տրվել է լուծում։ Խախտումների մասին եղել են նաև մամուլի հրապարակումներ, որոնց արձագանքել ենք, խախտումները վերացվել են»,-ասաց Հովակիմյանը։
Նրա խոսքով, քվեարկության արդյունքների վերահաշվարկի բողոք-պահանջ չի եղել չի եղել, թիվ 33 և թիվ 34 ընտրական հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ ինը ընտրատեղամասերում վերահաշվարկներ են իրականացրել վիճակահանությամբ։
Պաշտոնական տվյալներով, թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ չի իրականացրել և վերահաշվարկել է միայն վիճակահանությամբ որոշված 3 տեղամասերի(թիվ 33/12, 33/15, 33/20) քվեարկության արդյունքներ, որի արդյունքում որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:
Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքում վերահաշվարկել է թիվ 34/1, 34/22, 34/12 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները (2 տեղամասերում (34/22, 34/12) արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել, թիվ 34/1 տեղամասում միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով, 143-ից դառնալով 142, իսկ մյուս տվյալներում որևէ փոփոխություն չի արձանագրվել) և սեփական նախաձեռնությամբ՝ 3 տեղամաս՝ թիվ 34/4, 34/5, 34/6 և 34/15 քվեարկության արդյունքները:
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել: