Ես եկել եմ ոչ թե ընտրվելու, այլ եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության հետ, և ես պայքարելու եմ այս իրողության դեմ. Էդգար Ղազարյան
ՔՊ-ն որևէ պարագայում իր քվեն չի տա Էդգար Ղազարյանին, ոչ միայն որպես ՄԻՊ թեկնածու, այլ ցանկացած պաշտոնում թեկնածու առաջադրվելու պարագայում։ Այս մասին ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ հայտարարեց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը, որ հիմա իշխանական պատգամավոր է:
«Մենք մեղավոր չենք, որ ընդդիմությունը նման թեկնածուներ է առաջադրում։ Օրինակ, ՀՌՀ անդամի համար առաջադրել էր Ռուբիկ Հակոբյանին։ Մի՞թե նորմալ կլիներ, որ մենք կողմ քվեարկեինք Ռուբիկ Հակոբյանին կամ Ձեզ ՄԻՊ պաշտոնում»,- ասաց Հակոբյանը:
Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ Ղազարյանը կոչ է արել մարդկանց ԿԸՀ էջից գտնել իշխանական պատգամավորների հասցեներն ու բերման ենթասրկել պատգամավորներին ու ստիպել քվեարկել Փաշինյանին պաշտոնից հեռացնելու օգտին։
Արփի Դավոյանն էլ նկատեց, որ Ղազարյանի կողքին պետք է նստած լինեին նրան առաջադրողները՝ Սեյրան Օհանյանը, Հայկ Մամիջանյանը, որպեսզի աջակցեին նրան:
«Ես ասել եմ, որ Ձեր թեկնածությանը լուրջ չեմ վերաբերել»,- ասաց Դավոյանը:
Էդգար Ղազարյանը հիշեցրեց, որ ընդդիմությունն իրեն չի առաջադրել, իրեն առաջադրել է «Միասին» դաշինքը։ Ընդդիմությունը փորձել է առաջադրել այլ թեկնածուների, սակայն նրանք հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը։
«Նրանք չեն համաձայնել հայտնվել այստեղ, իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու, այլ ազնիվների ու արդարների համար ճանապարհ հարթելու համար, եկել եմ, որովհետև համերաշխ չեմ այս իրողության հետ, և ես պայքարելու եմ այս իրողության դեմ։ Ահա սա է իմ այստեղ գալու առաքելությունը»,- ասաց Ղազարյանը։