Դիմացից եկող մեքենավարը պատահաբար է տեսել քարաթափումը. կարող էին նաև զոհեր լինել. Ավինյանը՝ մետրոյի փլուզման մասին (տեսանյութ)
«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր, այն շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել նաև զոհերի, և այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ»: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Երևանի մետրոյի գծերի վրա տեղի ունեցած քարաթափման դեպքին, երբ Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը ներկայացրեց դեպքի մանրամասները:
Վերջինս հայտնեց, որ ապրիլի 1-ին ժամը 14:20-ին մետրոյի Զորավար Անդրանիկ կայանից Սասունցի Դավիթ կայան 2-րդ գծով գնացող գնացքի մեքենավարը տեսել է, որ հենապատը փլվել է հանդիպակաց գծի ռելսերի վրա և այդ մասին տեղեկացրել գնացքների կարգավարին, վերջինս էլ տեղեկացրել է առաջին գծով այդ տեղամասին մոտեցող մեքենավարին, և կանգնեցվել է երթևեկությունը:
Ապրիլի 2-ից, ըստ Սեդրակյանի ներկայացման, շինարարություն իրականացնող ընկերության հետ վերականգնել են երթևեկության բնականոն ընթացքը:
Ավինյանը հայտարարեց, որ շատ շինարարներ իրենց աշխատանքին ի միջի այլոց են վերաբերվում:
«Այս ի միջի այլոց վերաբերմունքի հետևանքով մենք ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել այդ վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի»,-ասաց Ավինյանը և ներկայացնելով դեպքի մանրամասները, հավելեց, որ պատահաբար է դիմացից եկող մեքենավարը տեսել քարաթափումը և ահազանգել: