«Մհերը փախչող տղա չի»․ Մամիջանյանը մանրամասներ հայտնեց միջադեպից (տեսանյութ)
Եկեք համեմատենք մի բան՝ ինչպես ուժայիններն արձագանքեցին։ Երեկ ՀՀ սուվերեն տարածք մուտք էին գործել ադրբեջանցիներ․ արձագանքը՝ ԱԱԾ-ի անլուրջ հայտարարությունն էր, իսկ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի արձագանքը՝ ոստիկանների ակտիվ գործողությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Այն ֆանատիզմը, որով ուժային համակարգը փորձում է պաշտպանել ՔՊ-ականներին, եթե այն նույն տրամաբանությունն իրականացաներ ՀՀ սուվերեն տարածքների ու սահմանների հանդեպ՝ այս վիճակում չէինք լինի»,- ասաց Մամիջանյանը:
Նա հերքեց ՔՊ-ականների կողմից տարածվող այն թեզը, թե իբր Մհեր Սահակյանը փախել է։
«Մհերին բերման են ենթարկել այ հենց այս սենյակից, ի՞նչ փախչելու մասին է խոսքը։ Մենք հանրահավաքների ժամանակ Մհերի հետ տարբեր իրավիճակներում ենք հայտնվել, Մհերը փախնող տղա չի»,- ասաց Մամիջանյանը։
Նա պատմեց, որ Վարդանյանը բարձր տոնով է խոսել պատգամավորների հետ, վերջիններս հորդորել են հանգիստ խոսել, երբ Վարդանյանն առաջ է եկել դեպի Սահակյանը՝ միջադեպը տեղի է ունեցել։
Մանրամասները՝ տեսանյութում