Բաքվից հասան Տեղ, ամրապնդվեցին, իսկ մենք մեր սահմանի բնակիչներին ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ․ Օհանյան
Եթե ԱԱԾ-ն հաստատել է, ապա իրականում դա նրանք տեսել են և տեղեկացրել հանրությանը։ Եվ դա նշանակում է, որ դա տեղի է ունեցել։ Բայց սա պետք է տեսնել այլ համատեքստում։ Առաջին հերթին մենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում ենք գտնվում։ 44-օրյա պատերազմից հետո և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտարարել են խաղաղության դարաշրջանի մասին, սակայն ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից գորոծողությունների։ Վերջինս հետևողականարոն սեղմում է օղակը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նման գործողությունները երկու նպատակ ունեն։ Ստանալ «միջանցքը», որպեսզի Սյունիքի հատվածով կապվեն Նախիջևանի հետ, իսկ երկրորդը՝ Արցախը հայաթափել։
«Եվ Ադրբեջանը պատրաստ է ամեն բան ասել, ընդհուպ, հայտարարելով, որ կապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։ Բայց դա տեսել ենք և՛ ԽՍՀՄ-ի ժամանակ, և՛ Առաջին պատերազմի ժամանակ»,- նշեց Օհանյանը։
Նա նշեց, որ գտնվելով պատերազմական իրավիճակում՝ մենք մեր սահմանները, յուրաքանչյուր մետրը, սանտիմետրը պետք է ուսումնասիրենք և կազմակերպենք պաշտպանությունը։ Եվ այդ կազմակերպման խնդիրն առաջին հերթին բանակինն է։
«Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը Բաքվից եկել հասել է Տեղ գյուղ, իրենց հետևից չունենալով որևիցե մի ադրբեջանական բնակավայր։ Ամրապնդվում են, առաջ են գալիս։ Իսկ մենք մեր հետևում ունենալով բնակավայրեր, գյուղացիներ, մեն մենակ ենք թողել, էսպես ասած՝ «տապակվեք ձեր յուղի մեջ» ասելով։ Մենք առաջին հերթին պետք է պաշտպանություն կազմակերպեինք»,- նշեց Օհանյանը։