Հայաստանն աշխարհում ունի երկու հիմնական դաշնակից՝ Ֆրանսիան և Իրանը․ Ադրբեջանի ՊՆ-ն պատասխանել է Իրանին
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմար Հեյդարին զրպարտչական հայտարարություններ է արել Ադրբեջանի հասցեին։ Իր զառանցական հայտարարություններում Հեյդարին պնդում է, որ Ադրբեջանում կան սիոնիստական ուժեր, և որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործել է Սիրիայից բերված ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, և նրանք դեռ երկրում են։ Միաժամանակ նա հայտարարում է, որ Իրանը թույլ չի տա փոփոխություններ Հայաստանի հետ սահմանին։ Առաջին հերթին մենք հայտարարում ենք, որ իրանական կողմի մեղադրանքներն Ադրբեջանի տարածքում օտարերկրյա որևէ ուժի առկայության վերաբերյալ անհիմն են և լիովին անընդունելի։ Ադրբեջանի տարածքում ընդհանրապես օտար տարրեր չկան։ Հեյդարիին ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը 30 տարի օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքը։ Այս ռազմական ագրեսիայի արդյունքում գրավվել է նաև ադրբեջանա-իրանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածը։ Սակայն իրանական կողմը Հայաստանի հասցեին երբեք մեղադրական հայտարարություններ չի արել։ Ընդհակառակը, այս ընթացքում ուժեղացավ Իրանի և Հայաստանի եղբայրությունը։ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանն աշխարհում ունի երկու հիմնական դաշնակից՝ Ֆրանսիան և Իրանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Այնուհետև, պաշտպանության գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանը աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և չի միջամտում նրանց ներքին գործերին։