«Իզմիրլյան» ԲԿ-ից արձագանքում են «Խայտառակություն կաթողիկոսի հիվանդանոցում» հրապարակմանը
Այսօր newspress.am-ի «Խայտառակություն կաթողիկոսի հիվանդանոցում» վերնագրով հրապարկման մեջ ազատամարտիկը ահազանգել էր, որ Իզմիրլյան ԲԿ-ում ոտքը չեն վիրահատել, մինչև վճարում չի կատարել: Ըստ ազատամարտիկի` վիրահատությունը արժեցել է հարյուր հիսուն հազար դրամ: Նա դիմել է Մայր Աթոռ, որից հետո հիվանդանոցում վիրահատությունը կատարել են յոթանասուն հինգ հազար դրամով:
«Պարտք արեցի` վճարեցի: Փաստորեն ազատամարտիկների վաստակն այդքան են գնահատում: Եթե կաթողիկոսն է այդպես մտածում, ուրիշից ինչ ենք ուզում»,- սրտնեղած նշել է ազատամարտիկը:
Newspress.am էր զանգահարել «Իզմիրլյան » բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Նա նշեց, որ ազատամարտիկի պատմածները իրականությանը չեն համապատասխանում:
«Ազատամարտիկ ներկայացած անձը չարաբաստիկ ու բացարձակ սուտ է ասել: Իզմրիլյան բժշկական կենտրոնում, բոլոր նրանք, ովքեր համապատասխանում են պետպատվերի չափորոշիչներին, վիրահատվում և բուժում են ստանում անվճար, և ոչ մի դրամ ու լումա չի պահանջվում»,- շեշտեց բժշկական կենտրոնի տնօրենը:
Նա նաև անդրադրաձավ հրապարկման մեջ տեղ գտած շրջանառվող այն լուրին՝ ըստ որի՝ ամեն օր Մայր Աթոռից հոգևորական է այցելում Իզմիրլյան կենտրոն, հավաքում օրվա գումարը և փոխանցում կաթողիկոսին: Արմեն Չարչյանը դա որակեց ստահոդ տեղեկատվություն և ամենավերջին հերյուրանք: Նա նաև նշեց, որ հիվանդանոցը ոչ թե կաթողիկոսինն է, այլ Մայ Աթոռը ԲԿ-ի բաժնետեր է: