Չալաղաջ սիրողների տղաներն էլ պիտի սահման գնան. արյան հավասարակշռություն է պետք. Արա Խուդավերդյան
«Մեր բանակը տարծաշրջանում ամենահզորն է, կարողանում է հակառակորդին թելադրել այն ինչ բխում է հայրենիքի շահերից»,- newspress.am-ի հետ զրույցում նշեց Կոռնիձոր ջոկատի հիմնադիր հրամանատար Արա Խուդավերդյանը:
Նրա դիտարկմամբ՝ մեր զինվորները Ադրբեջանին բազմիցս ապացուցել են, որ Արցախյան հերոսամարտի հաղթանակը կերտողների գործը շարունակողներն են:
«Ադրբեջանին լռեցնում են, եթե հրամկազմի թույլտվություն լինի, կջախջախեն»,- մանրամասնեց ազատամարտիկը:
Արա Խուդավերդյանի դիտարկմամբ՝ չնայած նրան, որ քսանչորս տարիների ընթացքում բանակում ձեռքբերումներ են եղել, թերություններ էլ կան:
«Պետք է վերջ դրվի քավոր -սանիկ կոռուպցիոն շղթային, թող սահման գնան չալաղաջ սիրող օլիգարխների երախները, արյան հավասարակշռություն պիտի լինի»,- նշեց նա:
Ազատամարտիկի կարիծքով՝ բանակի ձեռքբերումներն ավելի շատ կլինեն, երբ երկրում ճիշտ քաղաքականություն վարողներ լինեն:
«Ես չեմ տեսնում հայոց պետականության գլխին կանգնած պետական այն այրերին, որոնք ինտրիգներից, հեգնանքներից բացի՝ լուրջ գործունեություն վարեն, պետական պաշտոն զբաղեցնող անձիք պիտի դուրս գան այսպես ասած «տեգոր կնոջ» կարգավիճակից, պիտի ձերբազատվեն քինախնդրությունից ու պետության շահերի մասին մտածեն»,-շեշտեց Ա.Խուդավերդյանը:
Նրա համար անդունելի է այն, որ այսօր մի շարք ազատամարտիկներ, ովքեր հայրենիքի համար մարտնչել են, կալանավորված են:
«Սա վերաբերմունք է բանակի հիմքի նկատմամբ»,-եզրափակեց ազատամարտիկը: