Եթե ճապոնացիները կարողացել են բալենին դարձնել պտուղ չտվող սակուրա, մենք նույնը կարող ենք անել ծիրանենու հետ․ աշխատեք այդ ուղղությամբ․ Ավինյան
«Կոնիչիուա (ճապոներեն բարև-հեղ․), պարո՛ն Բեգոյան»։ Այսպես ողջունեց նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին։
Նա նշեց, որ դեռ փետրվարի 23-ին, ծառատեսակի ընտրության համար, կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի «բարձր գիտական կոչում» ունեցող մասնագետներ, ովքեր միաձայն ընդունել են որոշումը։
«Կրկնում եմ՝ միաձայն»,- ասաց Բեգոյանը։
Նրա գնահատմամբ, կտրված ծառերը կենսունակությունը կորցրած, դեֆորմացված և ինվազիվ ծառեր են եղել։
Ըստ Արմեն Բեգոյանի, խնդիրը միտումնավոր ուռճացրել է Երևանի ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը մասնագիտութամբ մանկաբույժ է:
Տիգրան Ավինյանն էլ, փորձելով ավելի համոզիչ դարձնել սակուրաների ընտրության հարցը, նշեց, որ միայն Ճապոնիայում չէ, որ սակուրաներ կան։
«Վաշինգտոնում ևս կան սակուրաներ, որոնք, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են»,- ասաց նա։
Բացի այդ, Ավինյանը նշեց նաև, որ սակուրաների հետ կապված նորամուծություն է լինելու։ Ըստ նրա, եթե ճապոնացիներին հաջողվել է այնպես անել, որ սակուրան պտուղ տվող բալենիից վերածվել է միայն ծաղկող ծառի, ապա Հայաստանում ևս նման քայլեր կարելի է անել օրինակ ծիրանենու հետ կապված։
«Վստահաբար մենք էլ կարող ենք նույնն անել ծիրանենու հետ և խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա։