Հայաստանը գտնվում է մասնակի ազատ երկրների շարքում
Քաղաքացիական և քաղաքական ազատությունների հետազոտման միջազգային ոչ առևտրային Freedom House կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2016 թվականին» զեկույցը։
Երկրները գնահատվել են 0-100 բալանոց սանդղակով։ 0-ն` վատագույն, 100-ը՝ լավագույն արդյունքն է։ Հայաստանը ճանաչվել է մասնակի ազատ երկիր՝ ստանալով 46 միավոր։
Վրաստանը նույնպես մասնակի ազատ է ճանաչվել՝ ստանալով 64 միավոր։ Թուրքիան ևս մասնակի ազատ է (53 միավոր)։ Ադրբեջանն (16) ու Իրանը ոչ ազատ երկրների շարքում են (17 միավոր)։ Ռուսաստանը ևս ոչ ազատ է (22 միավոր)։
Քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենացածր մակարդակներն են գրանցվել Սիրիայում, Սոմալիում, Հյուսիսային Կորեայում, Ուզբեկստանում, Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում։
Անցած տարի գլոբալ ազատության մակարդակը նվազել է՝ հասնելով վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշին։ Իրավիճակի վրա ազդել են հակամարտությունները Մերձավոր Արևելքում: