Հենց նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. Զախարովան՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Արևմուտքի ներգրավման մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, Եվրամիության ներգրավմանը, նշել է, որ նրանց հայտնվելուն պես ի հայտ են եկել մասշտաբային խնդիրներ: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և կողմերին օգնելու մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ կա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ հնարավորություն, Զախարովան մասնավորապես նշել է.
«Եկեք, ամեն դեպքում, մեկնաբանենք կատարված իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները: Ելնում ենք նրանից, որ սկզբի համար դա պետք է կատարվի, հետո նոր դա հնարավոր և անհրաժեշտ կլինի մեկնաբանել: Մենք բաց ենք մեկնաբանելու համար, բայց առայժմ մեկնաբանելու բան չկա»,- նշել է Զախարովան: