Արցախի պետնախարարը գնագոյացման և էկզոտիկ մրգերի՝ Արցախում հայտնվելու մասին
Իրականում կոնտեքստը կամ դիտարկումն այքան էլ չի համապատասխանում իրականությանը. թանկացումները որևէ կերպ կապված չեն իմ կողմից Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու հետ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Պետնախարարի խոսքով՝ ստանձնելուց հետո ընդամենը օրերի ընթացքում հաշվի առնելով շրջափակման պայմաններում առկա ողջ ծանրաբեռնվածությունը, սահմանվել են անհրաժեշտ իրավակարգավորումներ: Սկսվեցին նաև վերահսկվել գնագոյացման հետ կապված գործընթացները:
«Այդ ուղղությամբ աշխատում է պետական 3 մարմին: Պարբերաբար հարուցվում են վարչական վարույթներ: Հետաքրքրականն այն է, որ և՛ ես, և՛ մեր պետական մարմինները նման ահազանգ չենք ստացել: Ամեն դեպքում գնագոյացման հետ կապված կան խնդիրներ, որոնք ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Մենք փորձում ենք կառավարել սուբյեկտիվ պատճառները: Ինչ վերաբերում է օբյեկտիվ պատճառներին, ապա պետությունը միջոցներ է ձեռնարկում այդ օբյեկտիվ պատճառները տարբեր ծրագրերի միջոցով մեղմելու և վերացնելու: Բոլորս հասկանում ենք, որ ծանր իրավիճակում գտնվող անձը փորձում է իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, որքան դա անօրինական կամ անընդունելի լինի: Երբեմն ոչ այնքան անօրինականության մասին է խոսքը, որքան արարքի հակաբարոյական լինելու տարրերն են ցցուն: Բոլոր դեպքերում, պետության կողմից փորձ է արվում դաշտը վերահսկողության տակ վերցնել, որպեսզի զարտուղի ճանապարհներով Արցախ բերված ապրանքներն ու անձանց հայտաբերենք, նրանց օրինական, հարկային դաշտ բերենք, վարչական պատասխանատվության ենթարկենք»,- նշեց պետնախարարը: