«Խոզագրիպի» մուտացիոն երևույթ հնարավոր է նաև Հայաստանում
Ռուսաստանում H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ Ռուս մասնագետները դա պայմանավորում են հիվանդացության բարձր մակարդակով և մահացությամբ: Ու չնայած Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, թե վիրուսը նահանջում է, սակայն միանշանակ ասել, թե ապահովագրված ենք վիրուսի ակտիվացումից` չի կարելի ասել:
Թե «խոզագրիպի» հետ կապված ինչ հնարավոր զարգացումներ կարող է լինել Հայաստանում, հատկապես, մեր երկրի և Ռուսաստանի ակտիվ շփման ֆոնին՝ փորձեցինք պարզել հենց Առողջապահության նախարարությունից:
Թեև newspress.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ-ից հայտնեցին, թե վտանգ չկա, սակայն զգոնությունը չեն կորցնում:
Հասարակայնության և լրատվության կապի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ վիրուսի նմուշն ուղարկվել է ախտորոշման լաբորատորիա, որտեղ հետազոտություն կատարելուց հետո միայն կարող են հստակ ասել, թե հիվանդությունն իրենից ինչ է ներկայացնում և ինչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել:
Նկատենք, որ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։